Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ԱՀ կառավարության որոշ անդամներով հանդիպում ենք ունեցել ՀՀ մեր գործընկերների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին:
Բեգլարյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները:
«Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ»,-նշել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները: